Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Երկու հրաշքի պատմություն

Երկու հրաշքի պատմություն
25.09.2018 | 02:14

Ֆաուզիայի (Թամավ Իրենի աշխարհիկ անունը) ծնողները շատ մեծահոգի էին աղքատների հանդեպ: Բացի դրամական ու ապրանքների տեսքով տրվող օգնությունից, երբ Ժնևիեն՝ Թամավ Իրենի մայրը, ուտելիք էր պատրաստում իր ընտանիքի համար, միշտ այն քանակությամբ էր դա անում, որ նաև աղքատներին բաժին հատկացնի: Երբ նրա աղջիկները տուն էին վերադառնում Գերգայի միանձնուհիների դպրոցից, սովորաբար նա արդեն իսկ պատրաստած կերակրատեսակներով վերջիններիս ուղարկում էր աղքատ ընտանիքներ՝ յուրաքանչյուրին տալով ըստ իր կարիքի: Այս անելուց հետո միայն ընտանիքի անդամները հավաքվում էին ճաշի սեղանի շուրջ՝ իրենց ուրախությունն ու գոհունակությունը հայտնելով առ Աստված:


Մի օր նրա աղջիկներից մեկը հարցրեց. «Մայրի՛կ, այն գումարը, որ մենք տալիս ենք նրանց, բավական չէ՞, ինչու՞ ես հոգնեցնում քեզ նաև կերակուր պատրաստելով»: Ժնևիեն պատասխանեց. «Գումարով նրանք միշտ կհոգան իրենց հիմնական կարիքները, սակայն նրանք երբեք չեն գնի կամ չեն պատրաստի այսպիսի կերակուր»: Ժնևիեն այն կարծիքին էր, որ այս օգնությունը պետք է ծածուկ արվեր. կա՛մ ցերեկը ժամը 2-ին, երբ կիզիչ արև էր, կա՛մ երեկոյան, երբ Գերգայի փողոցներում քիչ անցորդներ կային: Երբ իր երեխաներից որևէ մեկը հրաժարվում էր տանել սաստիկ շոգի կամ մթության պատճառով, Ժնևիեն բացատրում էր նրանց, որ Տեր Հիսուսը պաշտպանում է ամեն տեսակ վտանգներից բոլոր նրանց, ովքեր բարիք են գործում: Ժնևիեն այնքան շատ էր սիրում աղքատներին և ողորմություն տալը, որ բարիքը միշտ անպակաս էր նրա տանից: Յուրաքանչյուր ոք, ով թակում էր նրանց տան դուռը, հաց և ուտելիք էր ստանում: Մի օր ամուսինը նկատեց, որ նա առավոտից մինչև երեկո հաց ու սնունդ է բաժանում, և կարծելով, թե այլևս հաց չի մնացել, ասաց. «Ավելի լավ կլինի խմորիչ բերես և հաց թխես»: Ժնևիեն հավատքով պատասխանեց. «Մենք կթխենք միայն ամեն շաբաթ նախատեսված օրը»: Թամավ Իրենը պատմում է մեզ նաև, թե ինչպես էր իրենց ընտանիքը մեծապես կապված Սուրբ Միքայել Հրեշտակապետին: Ժնևիեն կախել էր նրա սրբապատկերն աղոթքի սենյակում, իսկ սրբապատկերի ներքևում կանթեղն էր, որը միշտ վառված էր: Ղպտի յուրաքանչյուր ամսվա 12-րդ օրը նա տոնում էր Հրեշտակապետի հիշատակության օրը` հաց ու խմորեղեն պատրաստելով: Երեկոյան, սովորության համաձայն, նա հացը դնում էր սրբապատկերի առջև, իսկ հաջորդ օրը հացի կտորներից մեկի վրա գտնում էր Սուրբ Միքայել Հրեշտակապետի կողմից դրոշմված խաչը: Նա այս կտորը վերցնում և տեղադրում էր ալյուրի մեջ, որպեսզի օրհնվեին տան մառաններն ամբողջ տարվա համար: Հացը հոգում էր թե՛ իրենց բոլոր կարիքները, թե՛ այն ընտանիքների կարիքները, որոնց նրանք օգնում էին:


1964 թվականի մի վաղ առավոտ Ղպտի ուղղափառ եկեղեցու մայրապետ Թամավ Իրենը սաղմոս ասելով շրջում էր այգում, մինչև հասավ նախկին հացաբուլկեղենի շենքի ավերակներին: Այնտեղ նա զգաց խնկի հոգեզմայլ բույրը: Շրջվելով տեսավ Սուրբ Մարիամին՝ Փրկչի մորը, նստած մեծ քարերից մեկի վրա: Սբ Մարիամը նայեց գեղեցիկ ժպիտով և ասաց. «Ասա հայր Կիրիլոսին, որ իմ անվամբ մի խորան կառուցի այս վայրում: Դեպի Եգիպտոս մեր փախուստի ընթացքում հանգրվանել եմ հանգստանալու համար այս վայրում իմ սիրելի Որդու հետ»: Հետո նա անհետացավ: Հաջորդ անգամ, այս տեսիլքից հետո, երբ Կիրիլոս հայրապետը (Ղպտի ուղղափառ եկեղեցու հայրապետ, 1959-1971 թթ.) վանական համալիր այցելեց, Թամավը տեղեկացրեց Նորին Օծությանը այդ մասին: Սակայն, ցավոք, այդ օրը, համայնքի շատ կարիքների մասին իրենց երկար խոսակցության ժամանակ թե՛ Հայրապետը, թե՛ Թամավ Իրենը մոռացան տեսիլքի մասին:


Տարիներ անց մեր ուժերով որոշեցինք նախկին հացաբուլկեղենի այդ վայրը դարձնել վանքի այցելուների ընդունելության կենտրոն: Այդ նպատակի համար սկսեցինք շինարարական աշխատանքներ: Բայց 1968 թ. փետրվարի վերջերին Նորին Սրբությունը առավոտյան ժամը 4-ին զանգահարեց մեր մայրապետին և ասաց. «Արագ ավարտե՛ք Սբ Մարիամ Աստվածածնի եկեղեցին, քանզի Աստվածամայրը հայտնվեց ինձ այս գիշեր և ասաց. «Շտապե՛ք և սրբագործե՛ք Սուրբ Մարտիրոս վանքի խորանն իմ անվամբ. դա այն վայրն է, ուր ես հանգրվանել էի հանգստանալու համար իմ սիրելի Որդու հետ դեպի Եգիպտոս մեր փախուստի ընթացքում»: Այնուհետև Նորին Օծությունը հավելեց. «Ես կգամ հաջորդ շաբաթ, որպեսզի օծեմ եկեղեցին»: Բնականաբար, շինարարությունն այլ ընթացք ստացավ: Այժմ մենք այլևս ընդունարան չէինք կառուցում, այլ եկեղեցի: Աստծո միջամտությունն այս ամենում ակնհայտ էր, քանզի շինարարական աշխատանքներն ընթանում էին շատ արագ և հարթ: Ողջ աշխատանքը, ներառյալ սրբապատկերների տեղադրումը, ավարտվեց մեկ շաբաթվա ընթացքում: 1968 թ. մարտի 9-ին` առավոտյան ժամը 4-ին, Նորին Օծություն հայրապետ Կիրիլոս Վեցերորդը ժամանեց մենաստան՝ մասնակցելու հանդիսավոր տոնակատարությանը: Նորին Օծությունը եկեղեցու օծման արարողակարգ անցկացրեց: Նա սուրբ մյուռոնի յուղով օծեց թե՛ եկեղեցական սպասքը, թե՛ սրբապատկերները: Երբ հերթը հասավ խորանից հյուսիս ընկած Հովսեփի և սբ Մարիամի ուղևորության սրբապատկերին դեպի Եգիպտոս, նա զարմացավ, որ մյուռոնը հոսում է մյուռոնաշշից: Սա տեսնելով՝ նա արտասվեց: Անմիջապես մյուռոնաշիշը բռնեց երկու ձեռքով, սակայն մյուռոնը շարունակեց հոսել սրբապատկերի մեջ պատկերված Սուրբ Աստվածածնի կողմը և հետո հոսեց դեպի սրբապատկերի ծայրը՝ կարծես թե կաթելով ցած, սակայն չթափվեց գետնին: Թամավ Իրենը հայրապետի կողքին էր կանգնած, երբ վերջինս մյուռոնաշիշը ձեռքին մոտեցավ սրբապատկերին: Նա լսեց, թե ինչպես հայրապետը շշուկով ասաց. «Ես չեմ կարող մյուռոնի հոսքը կանգնեցնել, սրբուհի՛, Աստվածամա՛յր, խնդրում եմ չթողնես, որ այն թափվի գետնին»: Մյուռոնի հոսքն անմիջապես սրբապատկերի վրա դադարեց, Նորին Օծությունը ավարտեց այն օծել և մոտեցավ այլ սրբապատկերների: Ավելի ուշ հայրապետ Կիրիլոսը պատմեց մեզ, որ երբ սուրբ Մարիամ Աստվածածինը խնդրել էր իրեն օծել այս եկեղեցին, ասել էր նաև, թե օծման օրը նա հստակ նշան կտա իրեն: Հայրապետը շարունակեց. «Տեսնում եք, նա ցույց է տալիս մեզ, որ իրոք մնացել է այս վայրում»: Հայրապետը շատ էր ուրախացել, և սբ Պատարագին ներկա գտնվող բոլոր ներկաներին նույնպես համակել էր մեծ ուրախությանը միախառնված զարմանքը:


Տպագրության պատրաստեց
Հովհաննես ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

Դիտվել է՝ 1256

Մեկնաբանություններ